Աշնանային դպրոցի առաջին օրը սկսեց ժամը 15:00-ին: Աշնանային դպրոցի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն, աշնանային դպրոցի ավագ խորհրդատու Արտաշես Տոռոզյանը: Մասնակիցներին ողջունեցին նաև աշնանային դպրոցի մյուս խորհրդատուները` Աննա Դանիելյանը/Արտաքին կապեր և համագործակցություն խումբ, ԳՈՒՄ ՀԿ/, Գայանե Մեսրոպյանը/Իրավունքների և շահերի պաշտպանության խումբ, ՎՎ Սիսիանի ՏԶԾ/, Անուշ Մեժլումյանը/Իրավունքների և շահերի պաշտպանության խումբ, ՎՎ Կապանի ՏԶԾ/, Շահանե Բակունցը/Մեդիա և հաղորդակցում խումբ, ԳՈՒՄ ՀԿ/, Անիկ Բաբաջանյանը/Նախաձեռնություններ և քարոզարշավներ խումբ, ՎՎ Սիսիանի ՏԶԾ/, Զարինե Ավետյանը/ Նախաձեռնություններ և քարոզարշավներ խումբ, ՎՎ ԿապանիՏԶԾ/ և ԱԽ ցանցի համակարգող ու աշնանային դպրոցի ժամանցի պատասխանատու Շուշան Բաբախանյանը/ԳՈՒՄ ՀԿ/:
Ողջույնի ելույթներից հետո Ա. Տոռոզյանը ներկայացրեց աշնանային դպրոցի նպատակը, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց: Ծանոթացման համար ընտրված էր այնպիսի մի հետաքրքիր վարժություն, որը հնարավորություն տվեց բացահայտել աշնանային դպրոցի սկսնակ մասնակիցների նախասիրություններն ու հետաքրքրությունները:
Աշնանային դպրոցի ողջ ընթացքում նախատեսվում է աշխատանքներն իրականացնել աշխատանքային խմբերով/Մեդիա և հաղորդակցում, Արտաքին կապեր և համագործակցություն, Նախաձեռնություններ և քարոզարշավներ, Իրավունքների և շահերի պաշտպանություն/ և ընդհանուր սեսիաներով: Յուրաքանչյուր խմբի հետ կաշխատեն համապատասխան խորհրդատուներ:
Աշնանային դպրոցի առաջին օրը մասակիցները մշակեցին իրենց աշխատանքային կանոնները, օրվա ռեժիմը, աշխատանքային հանձնախմբերը համալրվեցին նոր անդամներով:
Այնուհետև ԱԽ ցանցի քարտուղար Զաբելա Առուստամյանը ներկայացրեց Սյունիքի ԱԽ ցանցի ստեղծման պատմությունը, առաքելությունը, գործունեության ուղղությունները, աշխատանքային հանձնախմբերը, որից հետո ներկայացումներով հանդես եկան նաև աշխատանքային հանձնախմբերի համակարգողները:
No comments:
Post a Comment