Saturday, April 26, 2014

Սուրբ Զատիկի միջոցառում Եղվարդ գյուղում

Սուրբ Զատիկի միջոցառում Եղվարդ գյուղում

Եղվարդ գյուղում արդեն ավանդույթ է դարձել Սուրբ Զատիկին կազմակերպել միջոցառում և հրավիրել մյուս գյուղերի բնակիչներին: Այս գեղեցիկ ավանդույթը սկիզբ է առել 2011 թ.-ից երբ գյուղում վերականգնվեց և օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին: Քրիստոնեական տոները, որոնց շարքում առանձնանում են Սուրբ Ծնունդը և Զատիկը, մեծ խանդավառությամբ են նշվում համայնքում: Ապրիլի 20-ին գյուղի բնակիչները հավաքվել են եկեղեցու բակում, մոմավառությունից և միասնական աղոթքից հետո միասին տոնել են Սուրբ Հարության տոնը: Ապրիլի 23-ին, դպրոցի Աշակերտական Խորհուրդի և Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում, որին հրավիրվել էին Վերին Խոտանան, Անտառաշատ, Օխտար, Ագարակ գյուղի երեխաները և մեծահասակները: Տեր Ահարոն քահանա Մելքումյանը իր օրհնությամբ և աղոթքներով առաջնորդեց տոնական օրը:
Հյուրերի ժամանումից հետո գյուղի մշակույթի կենտրոնում կայացավ տոնական միջոցառում, որը պատրաստել էին Աշակերտական Խորհուրդը՝ շակույթի կենտրոնի անձնակազմի աջակցությամբ: Երեխաները ներկայացրեցին պահեցողության շրջանը, Ավագ շաբաթվա և Զատիկի Խորհուրդները: Այնուհետև պատկերավոր բեմականացման միջոցով ներկայացրեցին Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի վերջին օրերը՝ մատնությունը մահը և հարությունը:




Այնուհետև ներկաները այցելեցին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Տեր Ահարոնի առաջնորդությամբ միասնական աղոթքով փառաբանեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:
Գյուղի բնակիչները հյուրերին հրավիրեցին հանդիսությունների սրահ, որտեղ տոնական սեղան էր պաստրաստված: Քահանայի օրհնությունից հետո միասին ճաշակեցին անուշահամ փլավն ու ձուն:
Ուրախ ճաշկերույթը ավարտվեց երգ ու պարով: Բարձր տրամադրությամբ և խաղաղ հոգով ոգեշնչված երեխաները վերադարձան իրենց գյուղերը: Եղվարդի Աշակերտական Խորհուրդի նախաձեռնությամբ միջոցառման համար պատրաստված փլավից բաժին հանվեց հյուրերին, որպեսզի նրանք իրենց գյուղի անապահով ընտանիքների հետ կիսեն իրենց ուրախությունը:











No comments:

Post a Comment